Պարզից պարզ է, հայաստանաբնակ հայությունն ապրում է ոչ թե փորձությունների շրջան, այլ հայտնվել է դժոխային տարտարոսի երկաթե դարպասների շեմին, որի եռաշերտ դռներրը բացվելուց հետո այլևս անվերադարձ և ընդմիշտ կփակվեն նրա հետևից:
Իհարկե, իշխանական խմբակը քայլ չի անի մերժելու պոսեյդոնյան արգելապատնեշի մուտքը, բայց մանգաղի բացակայությամբ ժապավենազարդ մուրճն ուժգին կբախի դարպասները հոտի առջև:
Երբ թափառական երիտհայերին մատուցվեց հեղափոխական մարաթոնով սքողված իշխանական ոսկեկուռ սկուտեղը, ներկայից դժգոհ հասարակության ատելությունն ու ըմբոստությունը խրախուսող և դրա համար ջանք չխնայող նախկինները, ենթարկվելով սիրո, թավշյա և ոչ բռնի հեղափոխության կանոններին (չտեսնված, աներկբա աննախադեպ կիրթ, անդիմադիր հեղափոխություն) սիրահոժար հնազանդությամբ կատարեցին պետության և ազգի ընդունում-հանձնում կամավոր-պարտադիր գործողությունը:
Իսկ թե ով կամ ովքեր էին ազատ ու անկախ հռչակված երկիրը տնօրինելու, հավանաբար տեղյակ էին միայն տասնյակ տարիների ընթացքում ներդրված տարբեր երկրների հատուկ ծառայությունները:
Մինչդեռ, շարքային քաղաքացին միամտորեն հավատաց երդվյալ ընդդիմադիրի խոստումներին, որոնք բացահայտվելու էին կարճ ժամանակ անց: Չարաշահեցիք ժողովրդի վստահությունը, խաբեցիք նրան:
Դա ուխտադրժություն չէր, այլ վարպետորեն հրամցված կեղծիք ու սուտ, որի առաջին ծիծեռնակը դարձավ հանրությանը Ռոբերտ Աբաջյանի պապ ներկայացող մի ստահակ` շրջապատված իր խաբեբա ստնտուներով:
Հայտնի չէ, շռայլորեն երկիր հանձնող գործիչներն արդյո՞ք կարդացել էին, թե ինչ գաղափարներ ու կոչեր է հրապարակել տարիներ շարունակ նորին գերազանցություն գլխավոր խմբագիրն իրենց հովանավորած բազմատիրաժ և վերադարձ չարձանագրող ընդդիմադիր օրաթերթում, աչքի անցկացրե՞լ էին գոնե երկրի հակառակ երեսին ամենազազիր արատների ախտակիր հեղինակի մառազմատիկ սխրանքների մասին պատմող գլուխգործոցը, երբ վստահում էին երկրի ղեկը վարորդական իրավունքին անարժան մեկին, ո՞վ և որչա՞փ էր տեղյակ նրա ներսում բույն դրած չարամիտ ունակություններին և կառավարման դասընթացներին: Հայտնի կդառնա մոտալուտ ապագայում, երբ Ազգային անվտանգության մարմիններն ի կատար կածեն նոր կառավարչի առաջին հանձնարարականներից մեկը` կորսան և կկալանավորեն անպատիժ վխտացող չարագործ սատանային:
Վստահ եմ. ոչ միայն կարդացել, այլև քաջատեղյակ էին նրա բնավորությանն ու խառնվածքին, և նրա մեջ տեսել էին անփոխարինելիին, թղթախաղում նման դեր ու նշանակություն ունի joker խաղաթուղթը:
Ըստ նախապես մշակված ծրագրի, արդյունաբերական հզորություններից միակողմանի որբացած երկիրը անհրաժեշտ էր զրկվեր գյուղատնտեսության նախարարությունից, մի քանի անգամ երկրի բնակչության քանակը գերազանցող Սփյուռքը՝ իր նախարարությունից, նույնը՝ մշակույթը, կրթությունն ու գիտությունը, որոնք գերակայություններ լինելու անհրաժեշտությունն ունեին՝ լղոզվեցին մեկ ամբողջության մեջ, նույնիսկ սահմանազատման և սահմանագծման մասնագետները զրկվեցին իրենց գիտելիքներն ի շահ պետության ծառայեցնելու հնարավորություն Գեոֆիզիկայի և քարտեզագրության հզոր հաստատությունում, որ միակողմանի որբը վերածվեր երկկողմանի եթիմի` չտես ու ազգադավ խնամակալների ապավինելով:
Հատուկ ծառայության գրոսմայստերների հաշվարկները ոչ թե մեկ շախմատային ձիու, այլ մի ամբողջ երամակի հեռահար քայլերով են ընթանում:
Այլևս հիմնարար գրեթե բան չմնաց հողին հավասարեցնելու, բացի Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հայոց եկեղեցու բարի համբավը: Բայց հավատքի կոչելը կամ հավատքից հրաժարվելը հրամանագրերով, իշխանական հաղորդագրություններով, SMS-ներով չեն հաջողում, եթե զինակիցներդ սրբապիղծ չեն, և իրենց Խաչը պատվով չեն կրում:
Խաչը շրջելիս վերածվում է սրի, ճակատագրական սրի: Նման դեպքերում Իջման վայրից վերադարձը սովորաբար լինում է վահանի վրա: Այդուհանդերձ, սցենարդ ի կատար է, պարոն սատանա:
Չորս կողմը սուգ է ու ավեր, այստեղով դուք եք անցել...
Երկրում անօրինությունն ու կոռուպցիան հասել է անասելի չափերի, և խոշոր հանցագործությունների հետևում հաճախ նշմարվում են պաշտոնական անձանց ականջները:
Խարխլվում է ֆինանսական կայունությունն ու ամրությունը, ինչպես բոլոր ոլորտներում…
Ես ինձ իրավունք եմ վերապահում միտում տեսնելու գիտակցաբար բոլոր հիմնասյուները փլուզելու քաղաքականության մեջ, որոնցով պայմանավորված է հայոց ինքնությունը՝ տնտեսություն, սփյուռք, տարածքներ, մարդկային զոհեր, աննախադեպ աճող պետական պարտք, ապրելու և գործելու անհնարինություն, աղքատության ու սովի, հայրական բնակարանները ոչ ադեկվատ վարձավճարների պատճառով կորցնելու սպառնալիքի առջև հայտնված բնակիչներ, արհամարհված և կիսասոված թոշակառուներ, տագնապների մեջ ապրող մարդիկ: Կարելի է ենթադրել, որ օտարերկրյա ներդրողներին վանելը նույնպես ձեռնտու է իշխանություններին, քանզի այդպիսով խոցվում է գոյապահպանական ևս մեկ թիրախ` թուլացվում և չեզոքացվում է տնտեսության զարգացման այս կամ այն ուղղություն:
Բերքով լեցուն ցորենի հասկը խոնարհվում է, արտում ցցված են մնում դատարկ ու ստերջ հասկերը:
Ըստ էության, արհեստականորեն բարձրացված աշխատավարձերն ու պարգևավճարները ոչ միայն սեփական անձի նկատմամբ ակնածանք տածելու խնդիր են լուծում, այլև փողոցից բարձրագույն պաշտոնների նշանակված, ոչ արհեստավարժ և փորձառություն չունեցողները ինքնամոռաց վայելում են բախտի փայլատակումները՝ արտոնություններ, պատից կախ չտեսավ՝ ճակտից կախ տեսավ:
Եթե անասունը պահես պալատում` ախոռ կդառնա: Գրագետ ու առաքինի անձի ներկայությունն ախոռը կաճառի կվերածի:
Այս անմխիթար վիճակում գտնվող «քոսոտ», «դժբախտ ու դժգույն» դառնալու հավակնող երկրում փող չունի ժողովուրդը տարրական ծախսեր հոգալու, իսկ յուրայինների խմբակը «ֆայտոնով կերթա արտաքնոց»: Հարկային, վճարային ճնշումը, տուգանքի ահռելի չափերը, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ, խոր հիասթափություն են պատճառել հասարակությանը: Ինչո՞ւ պետք է արտաքին և ներքին պարտքը վճարի, ասենք բժիշկը, ուսուցիչը, գիտնականը, առավել ևս՝ թոշակառուն, եթե բնավ չի օգտվել դրանից:
ՈՒրեմն, թող այդ մասին հոգան միջազգային վարկեր վայելողներն ու նրանց ընտանիքները: Ճիշտ այնպես, ինչպես չկշռադատված և անարդար վճիռներ կայացնող դատավորների փոխարեն ոչ թե բանվոր կամ խոպանչի Պողոսի հարկերից տուգանքներ վճարվեն միջազգային դատարաններին, այլ պետությանը հասցրած վնասի համար հատուցի կողմնակալ` կոռումպացված կամ կամակատար դատավորը:
Այս ամենից կարելի է հետևել, որ ապրելու համար պայմանների վատթարացման արդյունքում բնօրրանում կմնա կամ մեկ հայ, որպես թանգարանային նմուշ, կամ Հայաստանն առանց հայերի…
Եվ հաղթանակ կտոնի նույն ինքը` նորին գերազանցություն ամենագետն ու ամենասոփեստը, իրավաբանն ու բժիշկ-ուրոլոգը, դիվանագետն ու աստվածաբանը, հրամանատարն ու մոդերատորը, շինարարն ու մանկավարժը...
Ասացեք, խնդրեմ, ահաբեկիչ են պայմանավորված պատերազմում հազարավոր նահատակությունների մեղավորնե՞րը, 120 հազար մարդու հայրենազրկողնե՞րը, տարածքներ զիջողնե՞րը, ազգային սրբություններին, պատմությանն ու մշակութային արժեքներին դավաճանողնե՞րը, որքան փող՝ այնքան հող կարգախոսը մարմնավորողնե՞րը, թե՞ այդ կործանարար ձեռքը բռնել և կործանումը կասեցնել փորձող նվիրյալները:
Դու փող ես պաշտում, թշնամիդ` հող:
Փող տուր` հող տամ:
Շատ հող ես ուզում` շատ վճարիր:
Հող տամ` փող տուր:
ՈՒմ, ինչ պետք է, էստի համեցեք:
Քսակը քոնն է, հողը` պետությանը:
Փողը ծախսվելու է խրախճանքների ու նյութական հարստության վրա և սպառվի:
Փողն անցողիկ է, հողը մնայուն է և հանրային:
Վառվռուն հեքիաթդ, միևնույն է, անխուսափելիորեն ավարտվելու է փոսի խավարում, եթե հողն ընդունի: Հողին առանձնապես հաճո չեն փողի առջև բոլոր սրբությունները, ներառյալ պատիվն ու արժանապատվությունը կշեռքի նժարին դնողները: Մեկին՝ օրհնանք ու աղոթք, մյուսին` նզովք ու անեծք; Ընտրությունը քոնն է: Ձեր պատճառած ցավը անդարմանելի է, վերքը շատ խորը և չսպիացող:
Այդ մասին են գուժում առողջ մտածողության տեր բոլոր քաղաքացիները, Սրբազան պայքարի կոչում բազմաթիվ մտավորականներ, հասարակական-քաղաքական միավորումներ և անհատներ, զգուշացնում մոտալուտ կործանման մասին: Այո, կործանում է, երբ ահաբեկիչ ոսոխի հետ, որը չի թաքցնում Ցեղասպանությունն ավարտին հասցնելու մտադրությունը, խաղաղության ղազագրով ես պայմանավորում պետության անվտանգությունը` միակողմանի զիջումներ ընդունելով` չհիմնավորված հանձնելով պաշտպանական կարևորագույն դիրքեր, ավտոճանապարհներ, անպիտանելությամբ խարանելով անբնակ արոտավայրերն ու ձնապատ բարձունքները, երբ ապաշրջափակման պատրանքով համաձայնում ես երկրիդ շրջափակմանն ու անկլավացմանը, պոռնիկները բարոյականության խրատներ են կարդում, դավաճանները մեր ժամանակի հերոս են կարգում այդ վեհ գաղափարի հետ ամենևին չաղերսվող անձանց, երբ դասալիքներն ու դավաճանները դատում են հայրենասերներին ու հերոսներին, կոռուպցիոներները անխնա պայքար են հայտարարում կոռուպցիայի, գողերը` գողության, թմրամոլները` թմրաբիզնեսի դեմ, երբ ժողովրդավարության շղարշով են սքողվում բռնապետական նկրտումները, երբ մեղավոր են կարգվում ոչ թե ապաշնորհները, այլ նրանց քվե տված անձինք, երբ ամենանողկալի և անպատասխան ծաղրի է ենթարկվում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցող «հարբեցող ծաղրածուն»:
Սա ոչ միայն կործանման ճարտարապետությունն է, այլ գոյաբանական անախրոնիզմ, սեփական իշխանությունների գործունեության ողբերգական հետևանքը՝ թեկուզ վատթարագույնը անտերության մատնված ժողովրդին, միայն թե իրենց համար լա’վ, լինի, ավելի՛ լավ, ամենի՛ց լավ, միևնույն է, դանայան տակառը անհագուրդ է:
Չտեսնված իրողություն է` իշխանությունն ընդդեմ իր ազգի ու պետության, ընդդեմ պետության ինքնության, սեփական երկրի և ժողովրդի, ներառյալ պատմական հիշողության, հոգևոր-մշակութային արժեքների, ազգային սրբությունների, որոնք բազմազգ մոլորակի ընտանիքում սեփական դիմագծի պահպանման անհրաժեշտ գործոններն են:
Մոռացության և քամահրանքի մատնված ազգային գաղափարախոսություն, հայամետ ինքնիշխանության, ինքնուրույն մտածողության, քաղաքական մտքի փիլիսոփայության , սեփական ուժերին ապավինելու կամքի իսպառ բացակայություն և հազարամյակների փորձությունները հաղթանակած երկրի նորաթուխ գործիչների անվերջ ու անիմաստ ամոթալի դեգերումներ վիլայեթի ու գուբերնիայի նախապատվությունների թնջուկի մեջ:
Հանճարեղ Գ. Նժդեհն է բանաձևել. ուժն է ծնում իրավունքը, որում վերստին ամեն օր համոզվում ենք միջազգային անցուդարձին հետևելով:
Թուրքը մնում է թուրք. իրենց բնորոշումն է:
Հետևաբար, որքան էլ բարոյական աջակցության պատրաստակամությունդ ի ցույց դնես, միևնույն է, անփոփոխ է նրանց գրեթե հազարամյա մեծ երազանքը`ամրապնդել և ընդլայնել թուրքական ցեղերի նվաճումները, ուրեմն, տարածաշրջանից վերջնականապես, ի սպառ վերացնել բնիկներին` հայերին, որի համար նրանք պատրաստ են չոքել` ոտքերդ համբուրել, բարձրանալ` վիզգ կտրել, իսկ խարդախությունը արևելյան քոչվորների քաղաքական զինանոցի հիմնական միջոցն է` նախքան բուն ֆիզիկական բռնությունների դիմելը:
Ի դեպ, չեն խնայում նույնիսկ իրենց հավատարմորեն ծառայած դավաճաններին, վստահ, որ հարկ եղած դեպքում մի օր օճառ կդնեն նաև իրենց ոտքերի տակ:
Փաստ է, որքան էլ հնդկահավն իրեն սիրամարգ երևակայի, միևնույն է, Նոյի անվերադարձ հեռացած ագռավը ձիթենու ճյուղը կտցին խաղաղության աղավնի չի դառնա:
Ագռավը ճիշտ էր, ագռավը պետք է հեռանար:
Ազգի և պետութան ծանր բեռը զոռբայությամբ գցեցին խեղճ միամիտների գրպանը, որոնց յուրաքանչյուր խոստում ու հավաստիացում արձանագրեց ճիշտ հակառակը` հպարտ քաղաքացին վերածվեց թշվառականի, տուգանքներից ազատվածը դարձավ տուգանքի մատերիալ, էժանացումների փոխարեն սրընթաց աճեցին հարկերը, վարձավճարները, առաջին անհրաժեշտության ապրանքներն ու սնունդը: Չխոստացան միայն վառ ապագա, հուշեցին, որ այնուամենայնիվ, տիեզերական տիրույթներում կա ապագա կոչվող երևույթ, որը եկավ մռայլ ու դժնդակ, հանապազօրյա տագնապի և հոգսի կերպարանքով` շարքային քաղաքացու համար, և բացառիկ արտոնություններով ու աներևակայելի շքեղությամբ` բիրտ ու հարստանալու դիվահար տենդի մատնված չտես ու անհագ տերերի համար, որոնք լաստանավից հայտնվեցին տոնահանդեսներում ու տարատեսակ փառատոներում, լքեցին իրենց մսուրներն ու տիրացան պալատների:
Ժամանակն է, որ նրանք գոնե նորաձև կրթություն ստանան, թեկուզ, կարճաժամկետ, մինչև նորաձևության ցիկլային անցումը մշտնջենականին, և տարիներ շարունակ չդոփեն նույն դասարանում, ու դուրս չմնան հույժ այժմեական դասընթացից:
Երկիրը վարկաբեկելու միջոցները, կարծում եմ, դեռ չեն սպառվել, ի վերջո, չարիքի արտադրության երևակայությունն ու հնարամտությունն անկանգ և անսպառ են, մանավանդ, երբ դրանք մանրակրկիտ մշակված են, կատարողները` պարտաճանաչ, և բոլոր քայլերը գնալով բացահայտ և ավելի համահունչ են դառնում երկու պետություն-մեկ ազգ հռչակած ՙբարիդրացիների՚ աշխարհիկ և հոգևոր առաջնորդների ախորժակին:
Սև ու սպիտակի, նախկին ու ներկայի բաժանումները առ ոչինչ են արյան գետերի տենչով քաղաքացիական բախումների սադրանքի պարագայում, հատկապես, երբ ակնկալվում է «խաղաղասեր» հարևաններիդ ուժային միջամտություն...
Հարևան պետության ռևանշիստները, որ իմ բնօրրանն իրենցն են համարում, գողանում են պատմական անցյալս, աչք են տնկել համազգային հիշողության և մեր պապենական տարածքների վրա, կեղծում են պատմությունն ու քո անունով են երդվում, աղոթում քեզ համար, երգեր ու կենացներ ձոնում քե’զ:
Հպարտանու՞մ, թե՞ նեղսրտում ես նրանց անթաքույց հրճվանքից ու բացահայտ պաշտպանությունից, քո հանդեպ տածած անկեղծ սիրուց, ովքեր ամենայն հայկականի թշնամին են և քո մեջ տեսնում են իրենց հայաջինջ նվաճողական նպատակներն ի կատար ածող հայտնություն-նվիրյալին, որն առավել քան օսմանյան սուլթանն ու երիտթուրք պարագլուխը համարձակություն ունի վնգստալու Հայոց Հայրենիքի և համահավաք ազգային հիշողության դեմ, կասկածի տակ դնելու Հայոց Ցեղասպանության ակնառու փաստը, սակարկելու մեր զինանշանի վրա Բիբլիական Արարատի պատկերի շուրջ, հակադրելու հայրենիքն ու պետությունը, պետության Կադաստրի վկայականը փնտրելու և այլն:
Մեկ անգամ կեղտի մեջ սուզվողը պատրաստ է ամեն հնարքի և զոհողության սեփական կաշին փրկելու համար: Կա՞ աշխարհում մի երկիր, որտեղ անհասկանալի ու շինծու մեղադրանքներով կալանավորված են իր քույր-եղբայրների հանրապետության ղեկավարները, տասնյակ գերիներ և չունեն պետական աջակցություն հայրենակիցների կողմից, իր երկրի բանտերում մեկուսացված են երկու միլիարդատեր գործարար-բարերար, երկու արքեպիսկոպոս, հայրենանվեր քաղաքական գործիչների փաղանգ, երկրի թիվ մեկ պաշտոնյան` իր բռնակալական հակումներին հագուրդ տալու համար, այլևս բացահայտ հանձնարարականներ է տալիս քննչական մարմիններին, սպառնում հաշվեհարդարներով, ազգային-ավանդական կուսակցության գործունեությունը արգելելով, որի գաղափարախոսական առանցքը ազգային խնդիրներն ու սոցիալական արդարությունն է, իսկ որ ամենից զավեշտալին է` ցանկություն է հայտնում, հավանաբար հիշելով գերագույն գլխավոր հրամանատարի իր դերը, պարտականությունները, առաջնորդել յուրայինների աղանդավորական ու խամաճիկական ջոկատների գրոհը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դեմ:
Իհարկե, երբ դանակն ու դմակը դահճի ձեռքին են, մուրճը կացնով է փոխարինվում:
Կարող ես մեկուսացնել, տանջել ու կտտանքների ենթարկել գաղափարի հայրենապաշտ մարտիկներին, նույնիսկ սպանել նրանց հայտնի մեթոդներով, բայց հաղթել չես կարող:
Նրանք ուժեղ անհատականություններ են, չունեն նյութապաշտական ճղճիմ նկրտումներ, անձնական շահ ու շահագրգռություն:
Նրանք ուժեղ են իրենց անանձնականությամբ ու անձնուրացությամբ:
Դու և քոնոնք դա չեն ընկալի:
Նրանք ուժեղ են, հետևաբար սիրո, համերաշխության, հայրենիքի պաշտպանության, ապիկար ու դավադիր ուժերի հեռացման կոչերն անկեղծ են:
ՈՒժեղը կարող է բարի ու մարդասեր լինել: Իսկ դու արդեն պարտվել ես նրանց մեկուսացնելով հասարակությունից: Դա քո դիրքերը կորցնելու և պատասխանատվության ենթարկվելու տենդագին վախերի արգասիքն է: Դու ի վերուստ չես կարող լայնախոհության, սիրո և բարության մարմնավորում լինել, ինչպես փորձում ես ներկայացնել: Խաբեությունն ու չարությունն են քո ջահակիրները: Չարությունդ թուլության և բարության հանդեպ նախանձի նշան է:
Եվ դարձյալ շարունակում ես ստել, Եկեղեցու և հավատի դեմ պայքարը թաքցնելով Կաթողիկոսի կուսակրոն լինել-չլինելու հարցի հետևում, այլապես ինչպես բացատրել դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հեռացումը, կամ անհավատների հարձակման խրախուսումը խորանի վրա մի քանի տարի առաջ և այլ դեպքեր:
Իսկ իրենց առաջնորդին փութով ձայնակցում և կապկում են անհայտ ծագման, անհայրենիք ու անուղեղ ինչ-ինչ արարածներ, որոնք ոչ մի լումա ներդրում չունեն պետությանն ու ժողովրդին ծառայելու գործում, բայց հոխորտում ու սպառնում են հաշվեհարդարներով ու փողոցային հիշոցներով համեմված իրենց զինանոցի ամբողջ ուժով` հիշեցնելով Ի. Կռիլովի հայտնի առակի հերոսներին` Փղին ու մոսկային...
Խոտորնակին` խոտորնակ, ամեն մեկին` ըստ արժանվույն:
Վաղ է մտածելը, թե ձեզանից հետո համաշխարհային ջրհեղեղ է պատուհասելու, և մոռացվելու է մահկանացուներիս բառուբանը:
Որքան էլ թշնամին ջանա, Կյանքը շարունակվելու է, ի մասնավորի, հայի գոյությամբ Երկիր մոլորակի վրա, ըստ մի շարք հեղինակավոր աղբյուրների, Հայկական բարձրավանդակում տիեզերարարչական բազմաթիվ խնդիրներ են պայմանավորված:
Իր գործունեության համար պատասխանատվության է կանչվելու յուրաքանչյուրը` անկախ զբաղեցրած պաշտոնից, սեռից, տարիքից, հակումներից ու կողոմնորոշումներից:
ՈՒ հանկարծ՝ ոչ ոք, ոչ մի տեղական ու միջազգային դատարան, ոչ մի լինչ ու նյուրնբերգ չփորձի քեզ մեղադրել քր. Օրենսգրքի հատորի գրեթե բոլոր հոդվածներով` ամենատարբեր մանր ու խոշոր հանցագործությունների համար:
Մեղավոր են բոլորը` նորաստեղծ պետական կառույցիդ սահմաններից ասդին ու անդին, ոտքերդ լիզող լաքեյներդ, քեզ քվե տված քաղաքացիները, բայց ոչ դու: Դու, իհարկե, պատասխանատուն ես բոլոր ավերածությունների, ներառյալ բարոյահոգեբանական այլասերումներն ու հասարակական մտածողության հետընթացը, բայց ոչ մեղավորը, մեղավոր են բոլորը, բացի քեզանից:
Մեղավոր են քեզ հսկող թիկնազորն ու մահացու ելքով վրաերթ կատարող վարորդը, գլխավոր բանակցողը, չկրակելու ու նահանջելու հրաման արձակողը, տարածքներ հանձնողը, ուժային կառույցները, ընդդիմությունը, դատախազը, կառավարության ու պառլամենտի հին ու նոր անդամները, չափորոշիչների ուստեքը, նախագահն ու վարչապետը, միայն՝ ոչ դու:
Դու անմեղ ես, ժողովուրդն է մեղավոր: Մեղավորը քո պաշտոնական աթոռն է, ոչ` դու:
Նման իրավիճակում, երբ ժողովրդի մեծամասնությունն իրեն հայտնաբերել է չարաչար խաբվածի վիճակում, երբ ամենքը տենչում են կառավարման վահանակի առջև կանգնած պատուհասների հրաժարականը, երբ անեծքի ու հայհոյանքի տեղատարափ է դրանց գլխին, բոլոր ընդդիմադիրների համար չեն բավարարի ոչ միայն կալանավայրերը, այլև հյուրանոցային համալիրներն ու վրանաքաղաքները, կարելի է կիրթ գործընկերոջդ հետ համաձայնեցնել ևս մեկ խայտառակություն` սահմանազատման և բոլոր հարևանների հետ սահմանագծով փշալար անցկացնել, ամրապնդել դիմակավոր և գունավոր գլխարկակիրներով, թիմակից յուրայիններին նշանակել համապատասխան պաշտոնների և հայտարարել, որ ժողովրդական բաստիոնն արձանագրել է ևս մեկ նորույթ քաղաքական մտքի և, ընդհանրապես, համաշխարհային պատմության մեջ` ՔՊ կուսակցությունը, որը դեմ է բոլոր տեսակի իզմերին և չունի հստակ գաղափարախոսություն, զրո կետից հիմնում է նոր տիպի գուլակային վարչատարածքային միավոր` Հայաստանի Հանրապետություն համակենտրոնացման ճամբար...
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ